ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Քանի դեռ կինոն բիզնես չէ Հայաստանի համար, մեր գործարարները ներդրումներ չեն անի»

«Քանի դեռ կինոն բիզնես չէ Հայաստանի համար,  մեր գործարարները ներդրումներ չեն անի»
13.06.2014 | 12:41

Հայաստանի ազգային կինոկենտրոնը տարվա ընթացքում իրականացնում է տարաբնույթ նախագծեր` «Հայակ» մրցանակաբաշխություն, «Կինոաշուն», ֆրանսիական «Ամենակարճ ցերեկը» փառատոն և այլն: Կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ կինոկենտրոնի առաքելությունը ֆիլմ արտադրելը չէ, ինչպես շատերին է թվում, այլ ֆիլմ արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելը. ֆոնդերին ծանոթացնելը, համաշխարհային կինոկառույցներին միանալը, որոնք ինչ-որ չափով օժանդակում են կինոարտադրությանը, համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններ ստեղծելը և այլն: «Մեր խնդիրը կինոմշակութային քաղաքականություն իրականացնելն է: Կինոն Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, արտադրում են պրոդյուսերները»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ֆիլմերը, որոնց պետք է աջակցի պետությունը:
-Մեզ հայտ են ներկայացնում (ռեժիսոր, սցենար, ստեղծագործական խումբ, նախահաշիվ, ժամկետ, աջակցության չափ), գեղարվեստական խորհուրդը որոշում է` պետական աջակցություն պե՞տք է տրամադրվի, հաշվի առնելով գեղարվեստական արժեքը, թեմայի արդիականությունը, բյուջեի չափը, ռեժիսորի կենսագրությունը կամ խոստումնալից լինելը և այլ հանգամանքներ: Ստեղծագործական որակին, իհարկե, հետևում ենք, բայց մնացած ճանապարհը` ֆիլմի նկարահանումները ժամանակին ավարտելը, փառատոնային, դիստրիբյուտորական հաջողությունները պիտի հարթեն պրոդյուսերները: Ամեն տարի 17-18 նախագիծ է ներկայացվում, ֆինանսավորվում են 4-5-ը: Գեղարվեստական կինոյին տրվող պետական աջակցությունը կես միլիոն է: Նախկին Խորհրդային Միության երկրներում կես միլիոն մեկ ֆիլմին էր հատկացվում, մենք այդ գումարով մի ամբողջ կինոարտադրություն ենք սկսում:
-Ասում են` այն կենտրոնները, որ գումար են տրամադրում և աջակցում ֆիլմերի ստեղծմանը, երիտասարդ ռեժիսորներին տարբեր պատճառներով մերժում են, նախապատվությունը տալիս են տարեց և փորձ ունեցող ռեժիսորներին:
-Հետխորհրդային շրջանում, մինչև 2000 թվականը, ֆիլմարտադրության մասին խոսելն անհնար էր: Ֆինանսավորում չկար, ճիշտ է, կինոն որպես այդպիսին պահպանվեց, տարեկան մեկ ֆիլմ ուշացումով նկարահանվում էր: 2000-ից հետո որոշակի աշխուժություն սկսվեց: Երբ 2006-ին ստեղծվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, ես մտավախություն ունեի, որ կինոն կվերանա: Փող չկար, ռեժիսորներ, օպերատորներ չկային, բոլորը գնում էին: Փորձեցի հետաքրքրություն ստեղծել, նախագծեր իրականացնել` կինոարտադրության պրոցեսի մեջ ներգրավելով երիտասարդներին, անկախ նրանից, երեքրոպեանո՞ց ֆիլմ կնկարահանեն, թե՞ լիամետրաժ: Այսօր երիտասարդներն այնքան շատ են ներգրավված կինոպրոցեսի մեջ, որ ով ասես կինո է նկարահանում, տարվա մեջ 50-ից ավելի հայտ ենք ստանում: Արդյունքում շատերը եկան դեպի կինո: Այսօր մեծ թվով ֆիլմեր են նկարահանվում` լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական, անիմացիոն: Մենք հույս ունեինք, որ քանակը նաև որակ կբերի, կհայտնաբերենք Փելեշյաններ, Փարաջանովներ: Որակական առումով առայժմ սպասված արդյունքը չկա, բայց արդեն նկատվում է դրական տեղաշարժ հատկապես անիմացիոն, կարճամետրաժ, վերջին տարիներին նաև գեղարվեստական կինոյում:
-Կարո՞ղ եք առանձնացնել մի քանի ֆիլմ:
-«Թևանիկը», որն արդեն ցուցադրվել է Կաննի փառատոնի կինոշուկայում: Մինչև տարեվերջ կունենանք բավական լավ ֆիլմեր: Էդգար Բաղդասարյանի, Վիգեն Չալդրանյանի, Արամ Շահբազյանի, Արմեն Սիմոնյանի ֆիլմերի մասին է խոսքը: Պետք է հաշվի առնենք, որ հայկական նոր կինոյի մուտքն սկսվել է 2000-2006-ից: Իսկ 10-12 տարին շատ կարճ ժամանակահատված է կինոյի աճի համար: Արդեն անդամագրված ենք եվրոպական կինոկառույցների, համատեղ արտադրության պայմանագրեր ունենք, այս ամենը լրացուցիչ խթան կլինի մեր նախագծերը դրսից ֆինանսավորելու, առհասարակ, կինոյի զարգացման հարցում:
-Կինոն թե՛ դրսում, թե՛ ներսում ներկայացնելու համար շատ կարևոր է գովազդը: Ի՞նչ է արվում այս առումով:
-Դա մեր ամենամեծ խնդիրն է, բյուջեում գովազդի համար գումար չկա: Քանի դեռ կինոն բիզնես չէ Հայաստանի համար, մեր գործարարները ներդրումներ չեն անի: Առայժմ չունենք նաև կինոյի մասին օրենք, որոշակի արտոնություններ չկան այն մարդկանց համար, ովքեր ներդրումներ պետք է անեն: Կինոյի մասի օրենքի նախագիծը մշակման փուլում է: Մենք Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ արտադրության պայմանագիր ենք ստորագրելու, պայմաններից մեկն էլ կինոյի մասին օրենքի կարգավորումն է: Իրենք նույնպես մշակում են, համատեղ նախագիծը կներկայացնենք Ազգային ժողովին:
-Պարոն Գևորգյան, իսկ ի՞նչ հաջողություններ է գրանցում հայկական կինոն Կաննում: Արդյոք սա այն դե՞պքն է, երբ զուտ մասնակցությունը կարող ենք համարել հաջողություն:
-Սխալ կարծիք է ձևավորվել: Նախ ասեմ, որ մենք վեց տարի է` մասնակցում ենք Կաննի փառատոնի շրջանակում գործող կինոշուկային, ոչ թե փառատոնին: Դրանք տարբեր բաներ են: Կինոշուկան կարող էր լինել ուրիշ տեղ, ուրիշ ժամանակահատվածում: Կաննում է իրականացվում, որովհետև աշխարհի բոլոր կինոգործիչներն այնտեղ են, հարմար է շփվելը, ֆիլմերը տեսնելը, համագործակցելը: Մասնակցությունն այնքանով է նպաստավոր, որ ֆիլմերը փառատոնային ճակատագիր են ունենում, պայման է ստեղծվում համատեղ արտադրության, ֆիլմերը գնելու, ֆինանսավորելու համար: Այս տարի մեզ համար նպաստավոր էր ոչ միայն կինոշուկան: Փառատոնի մրցութային ծրագրում հայազգի երկու ռեժիսորի ֆիլմեր էին ներկայացված` Ատոմ Էգոյանի «Գերուհին» և պետերբուրգցի ռեժիսոր, լրագրող Էվելինա Բարսեղյանի «Մեկը ձեզ սիրում է» կարճամետրաժ ֆիլմը: Այլ խնդիր է, որ հայաստանցի ռեժիսորների ֆիլմեր դեռ չկան մրցույթում: Կաննի հատուկ ծրագրում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակը (վերականգնել է Մարտին Սկորսեզեի ֆոնդը): Դա մեծ նվաճում է, որովհետև այդ ծրագրով ցուցադրվում են աշխարհի լավագույն ֆիլմերը: Հույս ունեմ, որ շուտով կունենանք նաև փառատոնային հաջողություններ: Շատերն ասում են՝ ադրբեջանական կարճամետրաժ ֆիլմ է մասնակցել Կաննի փառատոնին, ըստ էության, դա ռուսական ֆիլմ է` ադրբեջանական փողերով:
-Ցեղասպանության մոտեցող 100-ամյա տարելիցին ընդառաջ կարևորվում է համատեղ արտադրության մեկ-երկու ֆիլմ ունենալու հրամայականը: Ի՞նչ է արվում այս առումով:
-Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովում հարցը դեռ քննարկման փուլում է: Մենք ներկայացրել ենք վեց նախագիծ: Կարծում եմ՝ կհաստատվեն, ու քիչ միջոցներով կունենանք հինգ-վեց ֆիլմ` անիմացիոն, գեղարվեստական, վավերագրական:
-Սա այն դեպքն է, երբ քանակը որոշիչ չէ: Համաշխարհային հնչողությամբ կինոյի սպասելիքներ ունենք բոլորս:
-Լավ ֆիլմ ասածը հարաբերական է: Լավ նախագծեր կան: Համատեղ արտադրության վավերագրական ֆիլմեր ունենք տարբեր երկրների հետ: «Հիշատակի պատը» նկարահանվում է Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Անգլիայում: «Բանտարկված հոգիներ» ֆիլմի համար աշխարհի տարբեր ֆոնդերից նյութեր են հավաքվում: Սերժ Ավետիքյանի «Մշո ճառընտիր» ֆիլմին 16 երկիր է միացել, Առաջին համաշխարհային պատերազմի մասին ալմանախ է, այդ համատեքստում ներկայացվում է նաև Ցեղասպանությունը: Աշխարհի բոլոր երկրներում ցուցադրվելու է: Մենք փորձել ենք անել առավելագույնը: Բայց որպես գեղարվեստական ֆիլմ, որ դիտարժան կլինի, հանուն դերասանի, ռեժիսորի աշխարհը կնայի, նման նախագծեր կան, քննարկման փուլում են:
-Ի՞նչ կասեք հայկական ֆիլմերի թվայնացման գործընթացի մասին: Որակո՞վ են արված, ֆիլմերի ո՞ր մասն է թվայնացվել: Կան դիտարժան ֆիլմեր, որ կարելի է տեսնել ռուսական հեռուստաընկերություններում, իսկ մեզ մոտ թվայնացված տարբերակը չկա:
-Թվայնացվեց ֆիլմերի մի մասը, ու գործընթացը չշարունակվեց: Նախ` թվայնացնելն էլ հարաբերական է: Ըստ էության, թվայնացվեց, ոչ թե վերականգնվեց: Դրանք լրիվ տարբեր բաներ են: Վերականգնվեց, ինչպես ասացի, «Նռան գույնը», ծախսվեց 260 հազար եվրո: Թվայնացումն ընդամենը կրիչի փոփոխություն է, ժապավենի վրա եղած խոտանը պահպանվել է թվային կրիչում: Ավելին, թվայնացման ժամանակ, բացի տեխնիկական խոտանից, ստեղծագործական լուրջ խոտան է եղել, որն անհանգստացրել է ռեժիսորներին, նրանց ժառանգներին: Օրինակ, Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում, երբ արևը մայր է մտնում, բակում սկսվում է տանգոյի պարը: Հատուկ ռեժիմ է՝ սկսում է մթնել, սկսվում է պարը: Թվայնացված տարբերակում չի պահպանվել այդ անցումը, ստացվում է՝ ցերեկվա 12-ին մարդիկ բակ են իջնում, սկսում են պարել: Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկի տունը սև ու սպիտակ է նկարահանված, ընդգծվում է տարբերությունը հարուստների տներից: Գույներ են տվել, բոլորը միանման են դարձել:
Ամբողջ աշխարհն անցել է թվային կրիչի, ժապավենային ցուցադրում գրեթե չկա: Թվայնացումն օգուտ է տվել այն իմաստով, որ հնարավորություն կա ֆիլմերը ցուցադրելու, նայելու, սակայն ֆիլմերի մեծ մասը թվայնացված չէ: Աշխատանքն իրականացնում էր «Գաֆէսճյան» հիմնադրամը: Հիմա, կարծես, ոչինչ չեն անում: Դեռ մի տարի կա մինչև իրավասությունների ավարտը: Ըստ էության, պայմանագրային պարտավորություններն իրականացված չեն, և ոչ միայն թվայնացման հարցում:
-Ի՞նչ կլինի «Հայֆիլմի» հետ մեկ տարի հետո:
-Դա արդեն պետությունը պետք է որոշի, պետական պայմանագիր կա, պայմանագրում որոշակի առաջադրանքներ կան, պայմաններ: Ի՞նչն է արված, ի՞նչ պետք արվի, կերկարացվի՞ ժամկետը, ժամանակ կտա՞ն շարունակելու աշխատանքը, տույժի՞ կենթարկեն, կտան, հե՞տ կվերցնեն, կվաճառե՞ն՝ այս ամենը կորոշի հատուկ հանձնաժողովը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ